Ուկրաինան հույս ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանալ հուլիսին կայանալիք գագաթնաժողովում. Զելենսկու գրասենյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ում ասել է, որ Կիևն ակնկալում է ՆԱՏՕ-ի հրավեր ստանալ դաշինքի գագաթնաժողովում, որը նախատեսված է 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ըստ Երմակի՝ առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինային ՆԱՏՕ-ի հրավեր չտրամադրելը կարող է նոր էսկալացիայի խթան դառնալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։
«Միայն հրավերը և իրական կոնկրետ քայլերն Ուկրաինայի լիիրավ անդամակցության ուղղությամբ աշխարհին և Եվրոպային իրական հնարավորություն կտան վերադարձնել անվտանգությունը», - ընդգծել է նա։
2023 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ասել էր, որ Ուկրաինան «անկասկած կմտնի ՆԱՏՕ»։ Նրա խոսքով՝ միանալու հարցը կդիտարկվի երկրում ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ 2024 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել էր, որ դաշինքին Ուկրաինայի հրավերը կլինի անմիջապես այն բանից հետո, երբ Կիևը կկատարի անհրաժեշտ պայմանները, և բոլոր դաշնակիցները կաջակցեն այս որոշմանը: Նա նշել է, որ երկիրն ավելի մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քան երբևէ։










