Ատլանտյան օվկիանոս արտահոսած նավթի հետքն անցել է ավելի քան 800 կմ
Ատլանտյան օվկիանոսի Տոբագո կղզու ափերի մոտ գոյացած նավթի հետքը հասել է Բոնեյրի ափ (կղզի Վենեսուելայի ափերի մոտ՝ Կարիբյան ծովի հարավում), հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը։ Նավթի արտահոսքի ճշգրիտ չափը չի հաղորդվում։ Տոբագոյից Բոնեյր հեռավորությունը ավելի քան 800 կմ է։
Նավթի արտահոսքը տեղի է ունեցել նավը քարշակելիս, այն շրջվել է Տոբագոյի ափերի մոտ: Նավթային հետքի հայտնաբերման մասին առաջին անգամ հայտնել է Տրինիդադ և Տոբագոյի առափնյա պահպանության ծառայությունը փետրվարի 7-ին:
Արտահոսքի վերացման գործում ներգրավված են հարյուրավոր մարդիկ։ Տոբագոյի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։ Արտահոսքը վնասել է խութերը և Ատլանտյան օվկիանոսի լողափերը, իսկ Լամբո գյուղի բնակիչներին խորհուրդ է տրվել դիմակ կրել կամ ժամանակավորապես տեղափոխվել, հաղորդում է AP-ն:










