Փոխտնօրենները ազատման դիմում չեն ներկայացրել, ներքին խնդիրներ են, փորձում ենք կարգավորել․ թիվ 130 դպրոցի տնօրեն

16:05 • 28.02.24

Ներքին խնդիրներ են, այս պահին փորձում ենք կարգավորել, արդյունքների ու որոշումներ մասին կտեղեկացնենք հաջորդիվ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նաիրի Զարյանի անվան 130 դպրոցում տեղի ունեցող դեպքերին, ասաց դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը։

Լրագրողների հարցին, որ ծնողները պնդում են, թե մոտ 30 ուսուցիչ է դուրս եկել դպրոցից տնօրենի հետ աշխատել չկարողանալու պատճառով, Հովսեփյանն ասաց․

«Ես այս դպրոցում 1․5 տարի է ինչ աշխատում եմ։ 30 թիվը մի փոքր չափազանցված է, մի քանի ուսուցիչներ դուրս են եկել՝ դեռ չհասցնելով ինձ հետ աշխատել, որովհետև ես պաշտոնակատար նշանակվել եմ դեռևս հունիս ամսին, որոշ ուսուցիչներ ազատվել են սեպտեմբեր ամսին, որոշ ուսուցիչներ այլ աշխատանքի են անցել՝ ընտրելով բոլորվին այլ բնագավառներ։ Շատերի հետ ունեմ նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ։ Այս վիճակը նորմալ չէ իհարկե, բայց դասապրոցեսը ընթանում է։

Երեկ մամուլում տեղեկություն կար Արցախի դրոշի ու փառքի անկյունի հետ կապված, որին ուզում եմ անդրադառնալ։ Իմ պաշտոնավարման օրվանից ես այստեղ Արցախի դրոշ չեմ տեսել, եղել է միայն եռագույնը, կողքին ավելացրել ենք Երևանի դրոշը։ Փառքի անկյուն դպրոցում երբևէ չի եղել, եղել են միայն հերոսների նկարներ։ Շրջանառվում էր նաև, որ նոր եկած ուսուցիչները անգրագետներ են, նշեմ, որ դպրոց նոր ընդունված ուսուցիչների մեծամասնությունը  մի քանի ամիս աշխատելով դպրոցում՝ կամավոր ատեստավորվել է՝ հավաքելով բարձր միավորներ, ինչը հաճախ չեն հաջողում շատ այլ ուսուցիչներ»։

Հովսեփյանը նշեց, որ երեք փոխտնօրեն ազատման դիմում չեն ստորագրել և իրեն չեն ներկայացրել։

«Դիմումները այն մասին են, որ ազատվեն փոխտնօրենի պարտականություններից՝  շարունակելով մնալ դասղեկ և ուսուցիչ, այդ է եղել դիմումներում գրված։ Թե ինչու են նրանք ցանկանում ազատվել այդ պարտականություններից, այս պահին փորձում ենք նրանց հետ հասկանալ ու գտնել լուծումներ, որոնք շահավետ կլինեն առաջին հերթին երեխաների համար»,- ասաց տնօրենը։

Ինչ վերաբերում է դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում հայտնաբերված չարաշահումներին, Հովսեփյանն ասաց․

«Թող կատարեն ստուգումներ, տեսնեն ինչն է առկա, ինչը չէ։ Իմ եկած օրվանից այստեղ դրամահավաքը վերացել է, մնացած մասով ոչինչ չեմ կարող ասել»։