Հարգելի՛ դատավորներ, եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ժամանակը, դուք իշխանության վարքագծին պետք է արձագանքեք. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

11:13 • 29.02.24

ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական մեծամասնությունը միջազգային ասպարեզին անհայտ նորարարության լավագույն փորձով բոյկոտեց։ Այս մասին ԱԺ-ում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ըստ ընդդիմադիր խմբակցության քարտուղարի՝ սա նոնսենս է, քաղաքական անտրամաբանություն, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չտալով որևէ փաստարկ։

«Սա ուղերձ է, որով քաղաքական մեծամասնությունն ասում է, որ այն, ինչ իրենց սրտով է, այն անձը, որը չի անցել իրենց սրի տակով, տեղ չունի պետական համակարգում։ Եվ երկրորդ, սա ուղերձ էր այն մասին, որ մեծամասնությունն ում ուզում, նրան բերում է»,- մատնանշեց Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև դիմեց դատավորներին․ «Իշխանությունն ասաց հետևյալը՝ եթե չենք ցանկանում, դուք չեք լինի, սա է ասվել ձեզ, հարգելի՛ դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը, դուք իշխանության վարքագծին պետք է արձագանքեք։ Դուք պետք է որոշում կայացնեք՝ ենթարկվո՞ւմ եք իշխանության բռնաճնշումներին»,- ընդգծեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը երեկ չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։