Կյանքից հեռացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարից հայտնի դերասան Իգոր Կապատովը

11:02 • 01.03.24

71 տարեկանում կյանքից հեռացել է ռուս և խորհրդային հայտնի դերասան Իգոր Կապատովը, որն ավելի քան 10 տարի հնչյունավորել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի կերպարներից մեկին՝ Միշուտկային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Բաշկորտոստանի Հանրապետության պետական տիկնիկային թատրոնի հաղորդագրությանը հղումով։

«Իգոր Ալբերտովիչ Կապատովի հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների և սիրողների սրտերում։ Բաշկորտոստանի Հանրապետության պետական տիկնիկային թատրոնի թիմն իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի ընտանիքին և ընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դերասանի մահվան պատճառները չեն հաղորդվում։

Կապատովը ծնվել է 1953 թվականին Գորկի քաղաքում (այժմ՝ Նիժնի Նովգորոդ)։ 1977 թվականին նա ավարտել է Գորկու անվան գեղարվեստի թատրոնի դպրոցը, ապա սկսել աշխատել Բաշկորտոստանի Հանրապետության պետական տիկնիկային թատրոնում, որտեղ մարմնավորել է բազմաթիվ վառ կերպարներ։

2001 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նկարահանվել ֆիլմերում և սերիալներում, ինչպես նաև հնչյունավորել մուլտֆիլմեր։ Այնուամենայնիվ, դերասանը ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստաշոուում Միշուտկայի դերի շնորհիվ, որը նա հնչյունավորել է ավելի քան 10 տարի: