Մադուրոն հայտարարել է Վենեսուելա ներխուժելու ԱՄՆ ծրագրերի մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդում է, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են «բռնության ալիք բարձրացնել» և ներխուժել երկիր։
Նրա խոսքով՝ «բոլոր կառավարությունները, որոնք դեմ են իմպերիալիզմին», ենթարկվում են հարձակման։
Մադուրոն խոստացել է, որ Վենեսուելան «կստիպի իրեն հարգել», գրում է kommersant.ru-ն:
«Երեկ ռադիոեթերում խոսվում էր առաջիկա օրերին Վենեսուելայում բռնության ալիքի մասին, այն մասին, որ Վենեսուելան արդեն անկառավարելի է և տրոհվում է հինգ անկախ հանրապետությունների…Ամերիկյան պետությունների կազմակերպությունն արդեն պատրաստվում է կիրառել Վենեսուելայի նկատմամբ փոխօգնության միջամերիկյան պայմանագիրը, իսկ ծովային հետևակայինների արագ արձագանքման ուժերը պետք է պատրաստ լինեն ներխուժելու Վենեսուելա»,- ասել է նա Կարակասում հակաիմպերիալիստական ցույցի ժամանակ:
2023 թվականի դեկտեմբերի 9-ին Նիկոլաս Մադուրոն հրամանագրեր է ստորագրել հարևան Գայանայի արևմտյան մասը՝ Էսսեկիբո շրջանը, երկրի կազմում ներառելու մասին։ Տարածաշրջանը ստացել է Գայանա-Էսսեկիբո անունը և դարձել Վենեսուելայի 24-րդ նահանգը։ Դեկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիան հայտարարել է Գայանայի ափեր պարեկային նավ ուղարկելու մասին՝ ի նշան այս երկրին դիվանագիտական և ռազմական աջակցության։ 2024 թվականի հունվարին Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Դանիել Էրիքսոնն այցելել է Գայանա և հայտարարել ԱՄՆ-ի աջակցության մասին: Փետրվարի սկզբին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Վենեսուելան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Գայանայի հետ սահմանին:










