Բնապահպաններին դատական հայցերով հետապնդելու պրակտիկան ձևավորվել է պետության կողմից մասնաբաժին ստանալուց հետո․ Օլեգ Դուլգարյան (տեսանյութ)
Իմ դեմ ներկայացված հայցով հերքում են պահանջում ինչ-որ պնդման համար։
Այս մասին Մեդիա կենտրոնում «Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը, ինչու՞ են հետապնդվում բնապահպանները» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնահապահպան Օլեգ Դուլգարյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ի կողմից իրեն ներկայացված դատական հայցին։
«Տվյալ դեպքում պնդում չկա, զրպարտություն են համարել կարծիք հանդիսացող միտքը, իսկ տեխնիկապես չես կարող հերքել այն, ինչը չի հանդիսանում պնդում։ Կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում դատական գործընթացներով փորձում են զարպարտություն համարել կարծիք հանդիսացող միտքը, որը ինքին հարված է խոսքի ազատությանը ու որևէ աղերս չունի ժողվրդավարության հետ։
Տասնամյակներ շարունակ մենք ականատես ենք եղել նման պրակտիկայի, օրինակ ՌԴ-ում, երբ ակտիվիստներին, իրավապաշտպաններին սկզբից դիմում էին քաղաքացիական հայցերով՝ պահանջելով փոխհատուցում, տուգանք։
Դա վերածվեց ռեպրեսիաների, երբ ստատուս գրելու համար մարդկանց կարող էին մի քանի տարի ազատազրկել։ Հետապնդում է նաև այն, որ կարծիք հանդիսացող մտքի հետևից գնում են դատարան։
Ստացվում է, որ որևէ բնապահպան, համայքնի բնակիչ կարող է կարծիքի մակարդկաով միտք, մտահոգություն արահայտել՝ վախենալով, որ իրեն կարող են դատի տալ։ Կարծես թե Հայաստանում այս պրակտիկան ևս կա»,- ասաց նա։
Դուլգարյանը նշեց, որ այսպիսի պրակտիկան ձևավորվել է պետության կողմից մասնաբաժին ստանալուց հետո։
«Ստացվում է, որ այդ հայցերի համար կառավարությունը կրում է պատասխանատվություն ու միգուցե հենց ամենամեծ պատասխանատվությունը»,- ասաց նա։










