Ազատ արձակման ակնկալիք չկար, գոհ եմ դատարանի որոշումից, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան

14:37 • 04.03.24

Իհարկե հասկանալի է, որ սա վերջնական որոշումը չէ, միջանկյալ հատվածի համար, այո գոհ եմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո․

«Բայց ընդհանրապես, այն, ինչ տեղի է ունեցել և սպասելիքների հետ կապված, իմ ակնկալիքը, որ էդպիսի որոշում պետք է լիներ, դա չէր: Դեռևս դատաքննություն է ընթանալու, մանրամասներ չեմ կարող ներկայացնել, ես ցուցմունքներում էլ ասել եմ, որ տեղի ունեցածում ինձ մեղավոր չեմ ճանաչում և բնությամբ, և բնավորությամբ, և իմ էությամբ էնպիսին չեմ, որ ինձ այդպիսի արարք թույլ տամ»,-ասաց նա:

Լրագրողի հարցին ի պատասխան այն մասին, որ կրակոց է եղել և և մարդ է վիրավորվել, Խաչատրյանը նշեց, որ այն ինչ հետագայում լինի,  եթե հետևեք ընթացքին, ձեզ համար էլ պարզ կլինի, թե կրակոցն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ինչպես է մարդը վիրավորում ստացել․

«Բայց այն, որ որևէ մեկին վնասելու, առավել ևս վիրավորելու փորձ չեմ արել, ձգտում չեմ ունեցել, դա միանշանակ կարող եք ընդունել:

Ես այդ հնարավորությունն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու»,- ընդգծեց Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցի քաղաքական ենթատեքստի առկայությանը, հաշվի առնելով նրա ընդդիմադիր կեցվածքը՝ գեներալը նշեց.

«Հակված եմ ընդունելու այդպես, ի սկզբանե դեռ նախաքննությունից սկսած այդ մոտեցումը դրսևորվել է իմ նկատմամբ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց այսօր դատարանից։ Դատարանի ՝ մարտի 4-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամ գրավը, նաև՝ բացակայելու մասին արգելքը։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարին՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով, իսկ օրեր անց կալանավորվել երկու ամիս ժամկետով։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել Ջրվեժից,անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: