Օդի տուրքից անցած տարի մոտ 17 մլրդ դրամ է հավաքագրվել, տարբեր երկրներում այն տարբեր կերպ է կիրառվում․ ՏԿԵ փոխնախարար (տեսանյութ)

13:05 • 13.03.24

Երեք տարի առաջ օրենքով օդի տուրքի հետ կապված բացառություն սահմանեցինք ու նոր ուղղությունների համար օդի տուրքը ընդհանրապես հանեցինք։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` հավելելով, որ քննարկվել է նաև օդի տուրքը առհասարակ հանելու հնարավորությունը։

Վերջինս խնդրեց ներկայացնել, թե այս առումով ինչ վիճակագրություն կա և ինչպես է այն աշխատել։

«Այս պահին վիճակագրությունը չեմ ներկայացնի, կներկայացնեմ հաջորդ նիստին՝ ավելի հստակ թվերով։ Օդի տուրքի մասով անցած տարի 17 մլրդ դրամի կարգի գումար է հավաքագրվել։ Դա գանձվում է ՀՀ տարածքից ելք անող անձանցից՝ ավիաընկերությունների կողմից։

Այնտեղ կան որոշակի արտոնություններ՝ կապված շառավիղի հետ, կամ օրինակ տրանզիտային  քաղաքացիներից չի գանձվում և այլն։ Այդ արտոնությունը աշխատել է մի քանի ուղղություններով, որոնցով  մենք ունենք հստակ ուղևորահոսք։ Օդի տուրքը տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներով է կիրառվում, տեղեր կան, որտեղ չի կիրառվում,  փոխարենը կիրառվում է համայնքների կողմից հյուրանոցային տուրքեր։

Մեր պարագայում մուտքի վրա մենք այսպես թե այնպես օդի տուրք չենք կիրառում, այլ կիրառում ենք ելքի վրա»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը։