Շոլցը «գաղտնի պատճառներ» ունի Taurus-ներն Ուկրաինային չփոխանցելու համար. Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավար

09:50 • 14.03.24

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «գաղտնի պատճառներ» ունի Taurus թևավոր հրթիռներն Ուկրաինային փոխանցելուց հրաժարվելու համար, թեև նա հրապարակավ հայտարարում է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի հետ պատերազմին «գերմանացի զինվորներին չներքաշելու անհրաժեշտությամբ»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Մյուլլերը, փոխանցում է Euractiv-ը։

Հաղորդվում է, որ մարտի 13-ին կանցլերը ևս մեկ անգամ հավաստիացրել է Բունդեսթագի պատգամավորներին, որ Taurus-ն Ուկրաինային չի փոխանցվի՝ ոչ ուղղակիորեն, ոչ էլ «շրջանաձև մատակարարումների» միջոցով։

«Սա սահմանագիծ է, որը ես չեմ կարող անցնել»,- ասել է Շոլցը։

Մյուլլերի խոսքով՝ մարտի 11-ին կայացած հանձնաժողովի փակ նիստի ժամանակ նա ստացել է «տեղեկատվություն այն մասին, թե ինչու է Շոլցն այդպես մտածում»:

«Կա մեկ կամ երկու բան, որոնք չեն կարող հրապարակայնորեն քննարկվել: Դրանք իրավացիորեն ստիպում են նրան վարանել հրթիռների հարցում», - ասել է Մյուլլերը:

Ի պաշտպանություն Մյուլլերի խոսքերի՝ հրատարակությունը նշում է, որ մարտի 13-ին Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ Շոլցը ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել է «Taurus-ի թեման գործիք դարձնելու» համար՝ չնայած այն բանին, որ նրանք «ամեն ինչ գիտեն» մերժման պատճառների մասին և օգտագործում են այն փաստը, որ այս «տեղեկատվությունը հրապարակային չէ»։