Բորելն Ուկրաինայի հակամարտությունը համեմատել է «Աստղային պատերազմների» հետ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Ուկրաինայի տարածքում մարտերը համեմատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հետ։ Նրա խոսքով՝ հակամարտությունում կարևոր են արհեստական բանականությունը, անօդաչու թռչող սարքերն ու կապի համակարգերը։
«Արհեստական բանականություն, անօդաչուներ, հեռահաղորդակցության համակարգեր. Դա դասական բարձր ինտենսիվության պատերազմների խառնուրդ է ծանր հրետանային կրակով... և մի փոքր «Աստղային պատերազմներ», այսինքն՝ կա շատ էլեկտրոնիկա, իսկ այժմ՝ արհեստական բանականություն», - ասել է Բորելը իսպանական RNE ռադիոյի եթերում:
Նա հավելել է, որ Եվրոպան «շրջապատված է կրակի օղակով»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատերազմի մեջ չէ, բայց վտանգի տակ է։ Բորելը պարզաբանել է, որ 2008 թվականի ճգնաժամից հետո Եվրամիությունը սկսել է զինաթափման գործընթացը, և այն չունի մեծ քանակությամբ տեխնիկա։










