Կոտայքում գազաբալոններ տեղափոխող Peugeot-ում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած

10:45 • 17.03.24

Մարտի 16-ին, ժամը 20:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Peugeot մակնիշի գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են գազալցակայանի պատը՝ 10 քմ և տանիքը՝ 20 քմ․ տանիքի մետաղե թիթեղը (10 քմ) պոկվել և ընկել է Opel ու Volkswagen մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք։

Գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները 1 գազի բալոն գազալցակայանի տանիքից և 6-ը գազալցակայանի տարածքից տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ։