Բոտսվանայի նախագահը կարող է Գերմանիային «պատժել»՝ 20,000 փիղ ուղարկելով

12:00 • 04.04.24

Բոտսվանան սպառնացել է 20,000 փիղ ուղարկել Գերմանիա՝ սրելով որսորդական ավարի ներկրման շուրջ շարունակվող վեճը, որը սկսվել է այս տարվա սկզբին, երբ Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարությունը, վկայակոչելով որսագողության հետ կապված մտահոգությունները, առաջարկել է ավելի խիստ սահմանափակումներ դնել որսորդական ավարի ներմուծման վրա: Այս մասին գրում է independent.co.uk-ը:

Գերմանիան ԵՄ-ի տարածքում աֆրիկյան փղերի որսի հետ կապված ավարի գլխավոր ներկրողն է՝ համաձայն Humane Society International-ի 2021 թվականի զեկույցի:

Բոտսվանայի նախագահ Մոկգվիտսի Մասիսին Bild-ին ասել է, որ սահմանափակումները լուրջ խնդիրներ կառաջացնեն իր ազգ համար՝ կապված փղերի քանակի կտրուկ աճի հետ:

Գերմանացիները պետք է «կենդանիների հետ ապրեն այնպես, ինչպես դուք փորձում եք մեզ ասել, որ մենք այդպես ապրենք», - ասել է նա գերմանական օրաթերթին։

«Սա կատակ չէ»,- հավելել է նախագահ Մասիսին։

Պարբերականը նկատում է, որ Բոտսվանայում փղերի պոպուլյացիայի աճ է գրանցվել, ինչը զուգահեռ  սրել է մարդ-կենդանի հակամարտությունը: Ծով ելք չունեցող երկրում ապրում է 130,000 փիղ, ինչն աշխարհի փղերի մեկ երրորդ մասն է: Վերջին տարիներին, նախագահի խոսքով, փղերի երամակները տրորում են, սպանում մարդկանց և ոչնչացնում տներն ու բերքը: Խնդիրը լուծելու համար Մասիսիի կառավարությունը 2019-ին վերացրել է փղերի որսի արգելքը:

Բոտսվանան ավելի վաղ առաջարկել էր 8000 փիղ ուղարկել Անգոլա, իսկ 500-ը՝ Մոզամբիկ՝ «գերբնակեցման» դեմ պայքարելու համար:

Այժմ Մասիսին նշել է, որ «կցանկանար նման նվեր մատուցել Գերմանիային» և «ոչ» պատասխան չի ընդունի»: Նա քննադատել է Գերմանիայի կառավարությանը և հատկապես շրջակա միջավայրի նախարարությանը՝ որսորդական ավարի ներկրումն արգելելու համար։

«Շատ հեշտ է նստել Բեռլինում և կարծիք հայտնել Բոտսվանայում մեր գործերի մասին։ Մենք վճարում ենք այս կենդանիներին աշխարհում պահպանելու գինը»,- ասել է նա։

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Բոտսվանան «դեռ չի կապվել իրենց հետ այս հարցով», հաղորդում է Politico-ն: