ՌԴ Օրսկ քաղաքում շուրջ 2,4 հազար բնակելի տուն և 3 հազար տնամերձ տարածք է հեղեղվել (տեսանյութ)
Օրսկում ավելի քան 2,4 հազար բնակելի տներ և 3 հազար տնամերձ տարածքներ են հեղեղվել։
Հայտնում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը:
Ուրբաթ՝ ապրիլի 5-ին, փլուզվել է Օրսկ քաղաքը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը: Հեղեղումների պատճառով 3 մարդ է մահացել։
Մարդկանց տարհանում են Հին քաղաքի շրջանից, որտեղ գյուղերից մի քանիսը հայտնվել են հեղեղման գոտում։ Մարզի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել։
«Տարհանումը շարունակվում է։ Քաղաքում կազմակերպվում են 6500-տեղանոց ժամանակավոր տեղակայման կետեր։ Յուրաքանչյուր կետում տարհանվածներին դիմավորում են հոգեբանները։ Նրանք գնահատում են մարդկանց հուզական վիճակը, օգնում հաղթահարել սթրեսը»,- մարզի ղեկավար Դենիս Պասլերի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Պասլերի խոսքով`Օրսկում հեղեղված տարածքից տարհանվել է մոտ 2 հազար մարդ, իսկ ժամանակավոր տեղակայման կետերում 320 մարդ է գտնվում, որոնցից 85–ը` երեխա:
«Այժմ Ուրալ գետի ջրի մակարդակը 855 սմ է, գիշերը այն կարող է հասնել կրիտիկական մակարդակի»,– հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը:
Նա պահանջել է, որ հեղեղված տների բնակիչները տարհանվեն, հրաժարվողներին հարկադրաբար կտարհանեն ոստիկանության մասնակցությամբ։
Տեսանյութն՝ այստեղ։










