Տավուշում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է

11:22 • 07.04.24

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։

Հրշեջ-փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Դեպքի վայր են ժամանել պարեկները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը,  պետի տեղակալը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետն ու տեղակալը:

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։