Տելեգրամյան ալիքների կեղծ լուրը իրավապահներն ուսումնասիրում են, դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն շարունակվում է․ նախարար
Վերջին շրջանում նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, խուճապի որևէ առիթ չունեն մեր ծնողները․ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքների տարածած այն տեղեկությանը, թե փորձում են ահաբեկչություն իրականացնել դպրոցներում։
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն շարունակվում է տելեգրամյան ալիքներում նշված այդ կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության և ուսումնասիրության ներքո և այս պահին անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում։ Մենք պետք է հասկանանք, երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին դա մեզնից հեռու իրականություն չէ, դա մեր իրականությունն է, այստեղ մեդիագրագիտության դերն եմ շատ կարևորում, մեր երեխաները նաև հիմա դպրոցում սովորելով մեդիագրագիտության պարզ կանոնները տեղեկատվության ճիշտ և կեղծ աղբյուրները պետք է կարողանան տարբերակել՞,- նշեց նախարարը։
Նա ընդգծեց, որ դպրոցներում տարահանման որևէ կարիք չկա։ «Իհարկե, ունեցել ենք ծնողների կողմից անհանգստություն, ծնողները այդ տեղեկությունները կարդալով և ընդունելով իբրև իրականություն փորձել են որոշակի ճշտումներ կատարել, բայց ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է և որևէ անհանգստանալու կարիք չկա»,- ասաց նա։
Նա նշեց, որ ընդհանարապես դպրոցները, ինչպես նաև բոլոր մյուս ուսումնական հաստատությունները հանդիսանում, են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ։
Հարցին էլ՝ հնարավո՞ր է դասագրքերը փոխվեն և դասագրքերում մնան միայն իրական Հայաստանի մասին գրվածները, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է սահմանազատել պատմական և իրական Հայաստանները, նախարարն արձագանքեց․ «Վարչապետն իր խոսքում նաև ամբողջությամբ անդրադարձավ նրան, որ սա չի չեղարկում մեր պատմությունը, մեր պատմությունը մեր պատմությունն է և պատմության դասագրքերում էլ մեր պատմությունն է ,խոսքը պատմությանը նայելու դիտանկյան մասին է և ոչ թե այն մասին՝ Մեծ Հայքի նահանգները կամ որևէ այլ ժամանակաշրջան, դրվագ դադարում են լինել մեր պատմությունը»։










