Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ (տեսանյութ)
Մալայզիայում ռազմածովային ուժերի զորահանդեսի փորձի ժամանակ երկնքում բախվել է երկու ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմերի բոլոր անդամները՝ 10 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ռազմածովային ուժերի հայտարարությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Փերեք նահանգի Լումութ ռազմակայանում տեղական ժամանակով 9։32-ին։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի՝ խմբով թռչող մի քանի ուղղաթիռներից մեկի պտուտակը դիպչում է մյուս ուղղաթիռին, և երկուսն էլ կործանվում են։
Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ ուղղաթիռները փորձ էին անում, որպեսզի մասնակցեն Մալայզիայի թագավորական նավատորմի 90-ամյակին նվիրված զորահանդեսին, որը պետք է անցկացվի ապրիլի 27-ին։ Նախարարը հայտնել է, որ բոլոր զոհվածները մինչև 40 տարեկան էին։
Կատարվում է հետաքննություն՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։










