Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել

11:28 • 08.05.24

Արդեն մի քանի ամիս է՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն, որպեսզի վերջապես թաղամասը փրկեն հակասանիտարական վիճակից ու գարշահոտությունից։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, թվով 10-ից ավելի շենքերի կեղտաջրերը դիտահորերից դուրս է թափվում ու ողողում մի քանի հեկտար տարածք։

Բնակիչները բազմիցս դիմել են Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական արդյունք։

Խնդրի մասին օրեր առաջ տեղեկացել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ով հայտնել է, որ մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կլուծվի, ինքն արդեն հանձնարարական է տվել Էջմիածնի քաղաքապետ, տիկին Դիանա Գասպարյանին և «Վեոլիա ջրին»։