Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին

23:36 • 09.05.24

Այսօր՝ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Շարժումը սկսվել էր մայիսի 4-ին, երբ ցուցարարների մի խումբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։ 

«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքի տվյալներով հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60,000 քաղաքացիներ։

Իսկ «ՌԻԱ Նովոստի»-ի, տվյալներով հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 20 հազար մարդ կար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ևս ներկայացրել է հանրահավաքի մասնակիցների քանակը․

«Այսօր՝ մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց մոտ երկու ժամ անց:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ:

Նշենք, որ քայլերթի ընթացքում ԻՔՄ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության որևէ ակցիայի նկարահանում կամ դրանց մասնակիցների հաշվարկ չի իրականացրել:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,- նշաված է միավորման ֆեյսբուքյան էջում։

Պաշտոնական տվյալները դեռ հրապարակված չեն։