Չինաստանը բողոք է հայտնել Ճապոնիային Թայվանի վերաբերյալ հայտարարությունների համար
Չինաստանը բողոք է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ Թայվանի վերաբերյալ հայտարարությունների դեմ, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ Reuters-ի փոխանցմամբ։
Նրա խոսքով՝ Ճապոնիայի ղեկավարությունը նախկինում սխալ հայտարարություններ էր արել Թայվանի վերաբերյալ՝ ակնարկելով Թայվանի նեղուցում ռազմական միջամտության հնարավորության մասին։ Այդ հայտարարությունները Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն են և լրջորեն խախտում են «մեկ Չինաստանի» սկզբունքը։
«Չինաստանը արտահայտում է իր խիստ դժգոհությունը և վճռական բողոքը այս կապակցությամբ։ Մենք Ճապոնական կողմին լուրջ դիմում ենք ներկայացրել և արտահայտել է խիստ բողոք», - ասել է Լին Ցզյանը։
Ուրբաթ օրը Տակաիչին Ճապոնիայի խորհրդարանում հայտարարել է, որ Թայվանի վրա հարձակումը, որը գտնվում է Ճապոնիայից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա, կարող է համարվել «Ճապոնիայի գոյատևման սպառնալիք»։ Այս իրավական տերմինը, որը ներդրվել է 2015 թվականին, թույլ է տալիս Ճապոնիայի վարչապետներին ակտիվացնել երկրի ինքնապաշտպանության ուժերը։
Մինչ օրս Ճապոնիայի վարչապետները խուսափել են Թայվանի մասին հիշատակելուց, երբ հրապարակավ քննարկում են այն սցենարները, որոնք կարող են ռազմական պատասխան հրահրել։
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Պեկինը հույս ունի, որ ճապոնական նոր կառավարությունը կխթանի Չինաստանի ճիշտ ընկալումը երկկողմ համագործակցության զարգացման համար: Չինաստանի առաջնորդը ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Թայվանի և դրա պատմության նման հիմնարար հարցերի վերաբերյալ առկա համաձայնությունները, ինչը կապահովի Պեկինի և Տոկիոյի միջև հարաբերությունների ամուր հիմքը:














