ԱԱ-2026․ Նորվեգիան հաղթեց Բրազիլիային, Անգլիան՝ Մեքսիկային․ թիմերն անցան 1/4 եզրափակիչ

08:55 • 06.07.26

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Նորվեգիայի հավաքականը պատմական հաղթանակ տարավ՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Բրազիլիայի նկատմամբ և դուրս գալով քառորդեզրափակիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեծ մասում բրազիլացիները վերահսկում էին խաղը ևստեղծում ավելի վտանգավոր պահեր։

Խաղի հերոսը դարձավ Էրլինգ Հոլանդը, որը  հանդիպման վերջին րոպեներին դուբլ ձևակերպեց՝նախ 79-րդ, ապա 90-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը և վճռելով դիմակայության ելքը։ Բրազիլիան միայն ավելացված ժամանակում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, երբ Նեյմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Նորվեգիան 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիային և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։ Հանդիպումը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Առաջին կեսում Անգլիան գերազանց օգտագործեց իր պահերը։ Ջուդ Բելինգհեմը ընդամենը երկուրոպեի ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: Մեքսիկան մինչև ընդմիջում կրճատեց հաշվի տարբերությունը և երկրորդ խաղակեսում ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը։ 54-րդ րոպեին, Անգլիայից Ջարել Քուանսահը հեռացվեց խաղադաշտից, իսկ 60-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոցից խփեց անգլիացիների երրորդ գոլը։ Ավելի ուշ Ռաուլ Խիմենեսը նույնպես անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3:2։

Անգլիան 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։

 

 

 

ԱԱ-2026․ Նորվեգիան հաղթեց Բրազիլիային, Անգլիան՝ Մեքսիկային․ թիմերն անցան 1/4 եզրափակիչ