Ռուսաստանից «բանավոր» մակարդակում գազ ու երկաթուղի խլելnւ համար մեծ խելք և մեծ խիզախություն պետք չէ․ պետք է սեփական խոսքի ու լսարանի հանդեպ բացարձակի հասնող անպատասխանատվություն․ Հակոբ Բադալյան

23:03 • 12.08.26

Հաճախ է հնարավոր լսել, թե մեր շատ հայրենակիցներ ինչպես են խրոխտ դեմքով հայտարարում, թե, օրինակ՝ եթե ՀՀ շահը պահանջում է, ապա Ռուսաստանից պետք է վերցնել գազը, երկաթուղին, սա, նա, ու այդպես շարունակ։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Բայց, նույն մարդիկ օրինակ նույն խրոխտ դեմքով կարո՞ղ են հայտարարել, թե, օրինակ՝ եթե ՀՀ շահը պահանջում է, ապա պետք է պատերազմ հայտարարել Ադրբեջանին։

Թե՞ նրանք համարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը «քույր շահեր» են։ Եթե այո, ապա կարո՞ղ են այդ մասին հայտարարել հենց այդպես, ինչպես համարձակորեն վերցնում են գազը, երկաւթուղին, մյուսը, մյուսը։

Համենայն դեպս, դա իհարկե կլինի համարձակություն։ Այլապես, ուզում եմ հիասթափեցնել՝ այսօր Ռուսաստանից «բանավոր» մակարդակում գազ ու երկաթուղի խլելու համար թե մեծ խելք պետք չէ, թե պետք չէ մեծ խիզախություն։ Պետք է պարզապես սեփական խոսքի ու նաեւ լսարանի հանդեպ գրեթե բացարձակի հասնող անպատասխանատվություն։

Իսկ ահա Ադրբեջանի հետ «քույր շահեր» հայտարարելը խիզախություն պահանջում է, այլապես, եթե դա անելու համար պահանջվող խիզախությունը բացակայում է, իրավիճակը դառնում է հակասական եւ գրեթե սահմանակից է դառնում ստորությանը՝ Հայաստանի հանրության ու պետական շահերի հանդեպ։ 

 Ամբողջ հարցն այն է, որ այս մասին խոսակցությունները բացարձակ կեղծ են, ու բացատրեմ, թե ինչու։ Հայաստանը պետություն է։ Եթե այդ պետությունը ի վիճակի է կայացնել որոշումներ, գործել ինստիտուցիոնալ, ապա պետական կառավարման համակարգը ունի բոլոր ինստիտուցիոնալ հնարավորությունները՝ վերահսկելու, կարգավորելու թե գազի, թե երկաթուղու, թե ջրի, թե ցանկացած կոնցեսիա, կամ նույնիսկ մասնավոր սեփականության կարգավիճակով ցանկացա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտի գործունեություն։

Եթե կա խնդիր որեւէ կոնցեսիոն կառավարման, կամ որեւէ գերիշխող, կամ մոնոպոլ դիրք ունեցող ընկերության գործունեության հետ կապված, ապա պետությունը ունի այդ խնիրները լուծելու, իր շահերը պաշտպանելու ինստիտուցիոնալ կարողություններ։ Եթե դու չես կարողանում դրանք աշխատեցնել, բայց խոսում ես, կամ մտածում, թե կարող ես վերանայել կառավարման կամ սեփականության իրավունք, ապա դա անում ես ոչ թե դու, այլ մեկ ուրիշը՝ քո ձեռքով։ Հետեւաբար, այդ դեպքում խոսք լինել չի կարող ՀՀ շահի մասին, քանի որ ՀՀ–ն ընդամենը գործիք կլինի այլոց շահերի համար։

Սա է հարցը, ու այստեղ է իրական պետական քաղաքականության կարողությունը։ Մնացյալը, ընդամենը քարոզչական մանիպուլյացիաներ կամ նվազագույնը՝ լոլոներ։

Ահա թե ինչու է, որ խոսում եմ վերեւի գրառմամբ մատնացույց արածս երեւույթի մասին, նաեւ այս գրառումով պարզաբանելով, թե ինչու եմ այդ երեւույթը սահմանակից համարում կամա, թե ակամա ստորությանը, որքան էլ բծախնդրորեն փորձում եմ խուսափել այդօրինակ ձեւակերպումների պարբերականությունից»,-գրել է նա։

Ռուսաստանից «բանավոր» մակարդակում գազ ու երկաթուղի խլելnւ համար մեծ խելք և մեծ խիզախություն պետք չէ․ պետք է սեփական խոսքի ու լսարանի հանդեպ բացարձակի հասնող անպատասխանատվություն․ Հակոբ Բադալյան