Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը․ Միրզոյան

21:35 • 13.10.26

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բացման ելույթով է հանդես եկել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

«2009թ. իր հիմնադրումից ի վեր Արևելյան գործընկերության հիմքում ընկած է եղել այն մոտեցումը, որ Եվրոպական միության հետ առավել սերտ փոխգործակցությունը կարող է նպաստել ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ միաժամանակ ընդունելով, որ արևելյան գործընկեր վեց երկրները պարտադիր չէ, որ ունենան միևնույն ձգտումները կամ առաջնահերթությունները։

Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր Հայաստան-ԵՄ հարաբերություններն էական առաջընթաց են արձանագրել, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետևողական իրականացման միջոցով։ Մեր գործընկերությունն առավել հավակնոտ բնույթ ստացավ 2025թ. դեկտեմբերին, երբ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը՝ ընդլայնելով համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ անվտանգության և դիմակայունության, փոխկապակցվածության, էներգետիկայի, շարժունակության և ոլորտային ինտեգրման ուղղություններով։

Մեր եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում։ 2025թ. մարտին Հայաստանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ 2026թ. մայիսին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հարաբերությունների աճող ռազմավարական նշանակությունը։ Գործնական հարթությունում 2023թ.-ից ի վեր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ մեր սահմանին կայունության ապահովմանը, իսկ ԵՄ գործընկերության նոր առաքելությունն աջակցում է ապատեղեկատվության, հիբրիդային սպառնալիքների և կիբեր վտանգների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդմանը։

Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ Արևելյան գործընկերության մեկնարկի ժամանակ։ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը Հարավային Կովկասում ձևավորել է նոր իրողություն, որը հնարավորություններ է ստեղծում առավել խաղաղ, փոխկապակցված և փոխկախված տարածաշրջանի ձևավորման համար։

Վաշինգտոնյան հռչակագրով նաև սկիզբ է դրվել ԹՐԻՓՓ նախաձեռնությանը, որը, բացահայտելով տարածաշրջանի տնտեսական, տարանցիկ և էներգետիկ ներուժը և ապահովելով Եվրոպայի ու Ասիայի միջև հուսալի փոխկապակցվածություն, կարող է նպաստել նաև տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը։

Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով եվրոպական հարևանությանը հարմարվելու էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին»,-նշել է նա։