Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան (տեսանյութ)

11:19 • 14.10.26

Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Հայաստանը պետք է ունենա 29,743 կմ2 տարածք։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմաթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։

Անկլավ էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ 2 երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։

Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն «Թրիփ» նախագծի շրջանակում, բայց ոչ միայն «Թրիփ» նախագծի շրջանակում։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից՝ Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ։

Հաջորդը՝ Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով և բոլոր հարցերում, ոչ մի պահանջ, ներառյալ, Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ։ 

Հիմա հաջորդ և թերևս ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք կա իրական հնարավորություն խաղաղությանը այսպիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով, ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունը իրականություն դարձնելով»,- նշել է նա։