4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով․ Ջուլիետա Ազարյան
4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի («Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով, Սպուտնիկ Արմենիային հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը:
«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը` մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովության համար»,– ասել է Ազարյանը։
Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։ Համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, ինչպես նաև օդի անբավարարության զգացում և գլխապտույտ: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն:













