Հայաստանում ֆեյսբուքում ստատուս գրելու համար պատժվելը և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրգործերը որպես խնդիր կարող են դիտվել ԱՄՆ-ում․ Սուրեն Սարգսյան
Հայաստանյան մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Հայաստանի հարցերով զբաղվող ամերիկյան շրջանակները վերջին շրջանում առավել մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում ձերբակալություններին։ Ըստ տարբեր աղբյուրների, ամերիկյան այդ շրջանակներում կարծում են, որ ձերբակալությունները քաղաքական շարժառիթներ ունեն և քննարկման առարկա են դարձրել Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը։
Թեմայի շուրջ Tert.am-ի հարցերին է պատասխանել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
-Ձեր տեղեկություններով, դիտարկումներով ու վերլուծությամբ որքա՞ն խորն է ամերիկյան շրջանակների հետաքրքրությունն ու որքա՞ն բարձր է այդ ուշադրության մակարդակը։ Խոսքը, մասնավորապես, վերջին շրջանում ընդամենը ֆեյսբուքյան գրառումների համար ձերբակալությունների մասին է, որոնք քաղաքական քննադատություն են և բռնության կոչեր չեն պարունակում։ Այս առումով ի՞նչ ազդակներ եք նկատում ամերիկյան վարչակազմից, վարչակազմին մոտ կանգնած շրջանակներից, վերլուծական-քաղաքագիտական հատվածից։
-Եթե իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և այն անձնավորությունը կամ քաղաքական ուժը, որն ԱՄՆ աջակցությունն է վայելում, սկսում է չափազանց շատ և ագրեսիվորեն օգտագործել այդ արտաքին ազդեցությունը ներքին գործընթացներում, ապա դա ավելի խնդրահարույց է լինում Վաշինգտոնում, քանի որ սա արդեն կարող է դիտարկվել որպես Վաշինգտոնի հեղինակությանը հարված։ Բնական է, որ Վաշինգտոնի պատասխանը լինում է համարժեք։ Հետևաբար, ինչ վերաբերում է ՀՀ-ին և ՀՀ-ում տեղի ունեցող ներքին գործընթացներին, մանավանդ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրեական գործերին, ապա սրանք որպես խնդիր կարող են դիտվել Վաշինգտոնում։ Մասնավորապես այնպիսի հանցագործությունները, որոնք տնտեսական բնույթի չեն, կապված չեն ֆինանսական միջոցներով, կապված չեն տնտեսական գործընթացների հետ, բիզնես շահերի հետ և այլն։ Սրանք կարող են լինել և վստահ եմ, որ կլինեն Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Մանավանդ այնպիսի գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես ազատ խոսքի սահմանափակում։ Այս տեսանկյունից, ֆեյսբուքում ստատուս գրելը և դրա համար պատժվելը, բնականաբար, դրական արձագանք չի գտնելու և դրան դրական չեն նայելու ԱՄՆ-ում։
-Ամերիկյան քաղաքականության ավանդույթը հաշվի առնելով, սովորաբար, ինչպե՞ս է նման դեպքերում վարվում վարչակազմը, «հոգնածությունը» հովանավորյալ ռեժիմից արա՞գ է արտահայտվում, թե, օրինակ, զեկույցների ու դոսյեների կազմման սխեմայով ու որևէ հարմար պահի դրանք որպես ճնշման գործիք կիրառելով։
-Եթե ԱՄՆ-ը ինչ որ ձևով չի հանդուրժում կոնկրետ պետության իշխանությունների գործողությունները, դրանք ամենատարբեր դրսևորումները կարող են ունենալ՝ հանրային և կուլիսային ճնշումներ, շատ կոնկրետ, ավելի կոշտ գործողություններ՝ ուղղված ոչ թե պետությանը, այլ իշխանություններին կամ իշխանությունների առանձին ներկայացուցիչներին։ Այդ ձևաչափերը տարբեր կարող են լինել, կարող են լինել այնպիսի դրսևորումներ, ինչպիսին եղել են Լատինական Ամերիկայի երկրներում։ Դրա վերջին օրինակը եղել է Վենեսուելայում, դրանից առաջ ԱՄՆ-ը շատ հստակ քաղաքական դիրքորոշում է ունեցել Լատինական Ամերիկայի տարբեր պետությունների ղեկավարների նկատմամբ, որոնց դեմ, ինչպես և ցանկացած այլ գերտերություն, ԱՄՆ-ն ունի շատ մեծ զինանոց՝ կիրառելու այդ արտաքին քաղաքականությունը։ Լինի դա ճնշում հանրային դաշտում, թե՝ կուլիսային։
Ինչպես ցանկացած այլ գերտերություն, ԱՄՆ-ը ևս ունենում է պրեֆերենցիաներ տարբեր պետություններում ամենատարբեր քաղաքական շրջանակների հետ համագործակցության տեսանկյունից։ Որոշ պետություններում դա կարող է լինել իշխանությունները, որոշներում՝ ընդդիմությունը։ Հայաստանը բացառություն չէ և այն աջակցությունը, որը կա ՀՀ իշխանությունների նկատմամբ բխում է ԱՄՆ տարածաշրջանային շահերից, այդ թվում, ԹՐԻՓՓ նախագծի առաջմղման գաղափարից և հեռանկարից։ Հետևաբար, Հայաստանի իշխանությունն աջակցություն կստանա այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան հետաքրքրությունները տարածաշրջանում մղվում են առաջ։













