Անհրաժեշտ է արագացված դատական նիստեր անցկացնել, օրենքի ուժով լուծարել և արգելել դրսից ուղղորդվող ու ընտրությունները փողով կեղծող կուսակցությունների գործունեությունը․ դրանից հետո ժողովուրդը կորոշի՝ ում ընտրել․ Արամ Սարգսյան
Կարևորելով արժանապատվությունն ու կանխատեսելիությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Այսօրվա ճեպազրույցում վարչապետը չբացառեց արտահերթ ընտրությունները, եթե չհաջողվի ԱԺ-ում ընդունել նոր Սահմանադրության նախագիծը։ Ամենայն հարգանքով՝ ՔՊ կուսակցության ծրագրային դրույթներին և ՀՀ վարչապետի մոտեցումներին, ես համոզված եմ և կարող եմ հիմնավորել, որ իմ առաջարկած տարբերակը՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ նշելով, որ ուժի մեջ է մտնում սահմանադրական հանրաքվեի ակնկալվող արդյունքից հետո՝ հյուսիսմակեդոնական օրինակով, ավելի նախընտրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արժանապատվության տեսանկյունից։ Նախ՝ իմ առաջարկով մենք Ադրբեջանին զրկում ենք հանրաքվեից հետո նոր նախապայմաններ առաջադրելու (ցավոք, չի բացառվում) և ժամանակ ձգելու հնարավորությունից։ Երկրորդ՝ նախաձեռնությունը վերցնում ենք մեր ձեռքը։ Հակառակ պարագայում՝ իսկապես առերևույթ ստացվում է, որ Հայաստանն առաջնորդվում է Ադրբեջանի թելադրած օրակարգով։ Առավել կանխատեսելի, բայց խնդրահարույց սցենարն այն է, որ ԱԺ ընդդիմությունը կարող է կողմ լինել հանրաքվեի առաջարկին, բայց դեմ լինել առաջարկվող փոփոխություններին և բոյկոտել քվեարկությունը՝ հարուցելով անկանխատեսելի հետևանքներ։
Այսօրվա առաջարկի ոգևորող մասը արտահերթ ընտրությունների հատվածն էր։ Բայց արտահերթ ընտրությունների և ընդհանրապես քվեարկության պետք է գնալ ՀՀ վարչապետի՝ մինչ այդ տված խոստումը կատարելուց հետո միայն՝ ընտրություններում փող բաժանած կուսակցությունները պետք է լուծարվեն։ Այն փաստերը, որ խորհրդարանական, հիմա էլ՝ համայնքային ընտրություններում, փող է բաժանվում, Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար չափով ներկայացրել և շարունակում է ներկայացնել։ Անհրաժեշտ է արագացված դատական նիստեր անցկացնել, օրենքի ուժով լուծարել և արգելել դրսից ուղղորդվող ու ընտրությունները փողով կեղծող կուսակցությունների գործունեությունը։ Դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, և ժողովուրդն ազատորեն կորոշի՝ ում ընտրել և ո՞ր առաջարկին «այո» ասել։ Հետևաբար, նախ՝ արդար և ազատ ընտրությունների իրական երաշխիքներ, ապա՝ քվեարկություն։
Մեր ժողովուրդը պետք է որոշի իր ապագան՝ առանց արտաքին թելադրանքի և ներքին ընտրակեղծիքների»,-նշել է նա։











