Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին
Միլանի «Ինտերի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տարած տնային հաղթանակը՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի դերը։
«Ներաձուրիները» 10 հոգով մնալով՝ կարողացել էին 1-0 հաշվով հաղթանակ կորզել, իսկ միակ գոլի հեղինակ էր դարձել հենց բրազիլացին։
«Կարևորագույն գնդակ էր։ Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց։ Ցանկանում եմ շնորհավորել թիմին հաղթանակի կապակցությամբ։ Երբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ է։ Մենք ցույց տվեցինք, որ ուժգին կերպով ցանկանում էինք հաղթել։ Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր հանդիպում ծանր է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այս հանդիպումը նաև հերթական նշանակալի ձեռքբերումը դարձավ լեգենդար հայ ֆուտբոլիստի կարիերայում։ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրած խաղերի թիվը հասցրեց 164-ի՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին և կիսելով նրա հետ 13-րդ հորիզոնականը պատմական ցուցակում։ Այժմ նրան ընդամենը երեք հանդիպում է բաժանում 167 խաղի ցուցանիշից, որը գրանցել են Լիոնել Մեսսին, Ջանլուիջի Բուֆոնը և Թոմաս Մյուլերը՝ զբաղեցնելով 10-րդ տեղը։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի հաջորդ տուրում միլանյան գրանդն արտագնա խաղում ուժերը կչափի նիդերլանդական «Ֆեյենորդի» հետ։














