Ֆրանսիայում 70,000 ոստիկան կներգրավեն բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնի պահպանման համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար

16:55 • 23.10.26

Ֆրանսիայում 70,000 ոստիկան կներգրավեն բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնի պահպանման համար: Այս մասին հատարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անզիջում կլինենք թալանչիների և վանդալների նկատմամբ։ Ես կարգադրել եմ ցուցաբերել առավելագույն խստություն»,- հայտարարել է Նունյեսը:

Նախարարն ասել է, որ կներգրավվեն նաև ֆրանսիական ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, որոնք կապահովեն շենքերի պահպանությունը։ Բացի այդ, նախատեսվում է ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ հատուկ տեխնիկայի օգտագործում։

«Սոցիալական ցանցերում մենք տեսնում ենք ծայրահեղ ձախերի կողմից պետական հիմնարկների շենքերի վրա հարձակումների կոչեր»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և բախումների ոստիկանության հետ։