Ըմբշամարտի ԱԱ. Ասլանյանը, Գալստյանն ու Թադևոսյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ

12:50 • 26.10.26

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցումային հերթական օրը հաջող է դասավորվում Հայաստանի ներկայացուցիչների համար:

Պայքարի մեջ մտած մեր երեք ըմբիշներն էլ անընդմեջ երկուական հաղթանակ են տարել և վստահորեն դուրս եկել քառորդ եզրափակիչ:

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը մեկնարկում 10-0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ Կոռնելիու Ռուսուի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը կրկին ժամանակից շուտ հաղթեց Աֆթանդիլ Ուուլուին ու քիչ անց կգոտեմարտի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանի նկատմամբ 5-1 հաշվով տոնած հաղթանակով: 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ պայքարից դուրս թողեց Վալենտին Պետիչին և նույնպես նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն իր հերթին մեկնարկային ծայրահեղ բարդ գոտեմարտում 6-3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևի նկատմամբ: Արդեն 1/8 եզրափակչում Թադևոսյանը 4-1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցչին՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակչում:

Հիշեցնենք, որ Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 1-ին: Նախօրեին պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներն առայժմ մեդալներ չեն նվաճել:

Աղբյուրը`ArmSport.am