ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնnւթյան կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

21:48 • 27.10.26

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ։

Այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ օրենսդրական փաթեթը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավի շրջանակում։

Նախարարն ընդգծել է փաթեթով առաջարկվող մի շարք կարգավորումների կարևորությունը։ Մասնավորապես՝ ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը չպետք է կախված լինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից։

Նախատեսվում է նաև, որ բռնություն գործադրած անձինք կվերցվեն կանխարգելիչ հաշվառման՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում մնալու համար, այդ թվում՝ բռնության կրկնման ռիսկի բացակայության դեպքում։ Փաթեթով առաջարկվում է բացառել տուժողի հետ հաշտվելու կամ զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունը։

Կարգավորումները նախատեսում են նաև բռնություն գործադրած անձին տուժողից մեկուսացնելը և տուժողին մոտենալու հետ կապված սահմանափակումների պահպանման նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականցնելը, որպեսզի տուժած անձը ստիպված չլինի լքել իր բնակության վայրը:

Կարևորվել են նաև պատասխանատու մարմինների կարողությունների զարգացումը և բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված պարտադիր վերականգնողական ծրագրերի իրականացումը՝ բռնության կրկնությունը կանխելու նպատակով։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով, որ ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդումների աճը վկայում է ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման և նման դեպքերի մասին հայտնելու՝ քաղաքացիների ավելի մեծ պատրաստակամության մասին։

Նախարարի խոսքով՝ եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ապա նախագծին միանշանակ պետք է կողմ քվեարկել։