ԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ

09:50 • 30.10.26

Հյուսիսային Կորեան մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռազմական ակտիվությանն արձագանքելու եղանակները, որը դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը: Այս մասին ասված է հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չունենք սահմանափակումներ միջոցների ընտրության հարցում՝ զսպման հզոր համակարգ պահպանելու համար, որն ունակ է արդյունավետորեն հակազդելու ԱՄՆ-ի և նրա հետևորդների ռազմական գործողությունների հետևանքով առաջացող բոլոր սպառնալիքներին, ինչպես նաև Կորեական թերակղզում և տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու համար», - ընդգծվում է հայտարարության մեջ:

ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը քննադատության է ենթարկել հոկտեմբերի 26-ին մեկնարկած ԱՄՆ-ի և ԿՀ-ի «Freedom Flag» խոշորամասշտաբ համատեղ ռազմաօդային զորավարժությունները: Գերատեսչությունում նշել են, որ վարժանքներում ներգրավված են կործանիչներ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ, օդային լիցքավորիչներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Փհենյանի գնահատմամբ՝ զորավարժությունների մասշտաբները վկայում են դրանց հարձակողական բնույթի մասին՝ չնայած Վաշինգտոնի և Սեուլի հայտարարություններին պաշտպանական նպատակների մասին:

Հատուկ մտահոգություն է հայտնվել նաև ԿՀ տարածքում հետախուզական զորավարժություններին ԱՄՆ ծովային հետևակի 3-րդ էքսպեդիցիոն միավորման մասնակցության կապակցությամբ: Փհենյանում նշել են, որ դրանց նպատակն է աջակցել Կորեայի Հանրապետությունում մշակված «Kill Chain» կանխարգելիչ հարվածի համակարգին: Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ նման ակտիվությունը միջկորեական սահմանին առկա լարվածության պայմաններում մեծացնում է անզգույշ զինված բախման ռիսկը:

«Մեր զինված ուժերը հետևողականորեն զսպելու են սպառնալիքները ուժով և գործելու են միայն այն եղանակով, որը հասկանալի է մեր հակառակորդներին», - հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը: Նա նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի կողմից ինքնապաշտպանության օրինական իրավունքի իրականացումը չի կարող սահմանափակվել որևէ մեկի կողմից:

«Freedom Flag» համատեղ ռազմաօդային զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 26-ին ԿՀ-ի Կունսան ավիաբազայում և կտևեն մինչև նոյեմբերի 6-ը: Դրանց մասնակցում են ԱՄՆ-ի և ԿՀ-ի զինված ուժերի մարտական ինքնաթիռներ և այլ ավիացիոն տեխնիկա: