Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբանը` Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին

21:35 • 09.11.26

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։

«Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի սղագրությունն էր, որի բովանդակությունը, ըստ մեղադրանքի կողմի, տիկին Մանուկյանը փոխանցել է պարոն Թևանյանին։ Մինչդեռ այդ արձանագրության մեջ, ըստ էության, որևէ գաղտնի բան չկար։ Այդ արձանագրությունը նույնիսկ գաղտնագրված տեղեկություն կամ փաստաթուղթ չէր»,–նշել է նա։

Անդրանիկ Թևանյանը կալանավորված է մայիսի 23–ից` լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Նույն գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։