Աշոտ Սիմոնյանի քրեական վարույթի նախաքննության ավարտին և գործը դատարան ուղարկելուն վերաբերող Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի․ ՀՅԴ ԳՄ

20:21 • 11.11.26

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը հրապարակել է ՀՅԴ ԳՄ հայտարարությունը ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի դեմ հարուցած անհիմն քրեական գործի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի մասին։

«Հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտին և գործը դատարան ուղարկելուն վերաբերող ռեպորտաժ։

Հեռարձակված նյութը պատրաստվել և հանրությանը է մատուցվել միակողմանի՝ առանց որևէ կերպ լսելու կամ ներառելու մեղադրվող կողմի դիրքորոշումն ու հիմնավորումները, ինչը ոչ այլ ինչ է, քան ուղղորդված տեղեկատվական ներգործություն և հասարակությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ:

Հաշվի առնելով այս մոտեցումը՝ Հանրային հեռուստաընկերությանը հրավիրում ենք հետևողականորեն և նույն ջանասիրությամբ լուսաբանելու դատական նիստերը, որոնց ընթացքում, վստահ ենք, այս անհիմն մեղադրանքն ամբողջությամբ հերքվելու է դատարանում»: