Գալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. Սուրենյանց
Սրբուհի Գալյանին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով Սրբուհի Գալյանի հայտարարությանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին:
«Երեկ, անդրադառնալով քաղկալանավոր Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երկու ակնհայտ կեղծ պնդում է արել՝ փորձելով արդարացնել իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը։
Նախարարը պնդել է, թե Հայաստանում կալանավորումը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում։
Մինչդեռ 2025 թվականին կալանքի միջնորդությունների շուրջ 88%-ը դատարանների կողմից բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Այս ցուցանիշը լուրջ կասկածի տակ է դնում կալանքի կիրառման «բացառիկության» մասին նախարարի հավաստիացումները։
Եթե սա է Գալյանի պատկերացրած «բացառիկությունը», ապա նա առնվազն տարրական թվաբանության խնդիր ունի։
Նախարարի երկրորդ սուտն առավել ցինիկ է։
«Մենք միշտ ասում ենք, և ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում»,- հայտարարել է Գալյանը։
Իսկ իրականությունն այն է, որ այսօր անազատության մեջ են ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի առաջնորդներ, ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը տնային կալանքի տակ է։
Հիշեցնեմ նաև, որ Փաշինյանի իշխանության տարիներին կալանավորվել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, Վանաձորի համայնքային ընտրություններում հաղթանակից հետո՝ Մամիկոն Ասլանյանը։ Իսկ արդեն հանգուցյալ Արսեն Գևորգյանի կալանավորումը, իմ համոզմամբ, ուներ կոնկրետ քաղաքական նպատակ՝ կանխել նրա և «Ուժեղ Հայաստան» կուսակցության հաղթանակը Ստեփանավանի ընտրություններում։
Սա քաղաքական հետապնդումների մասին վկայող իրադարձությունների մի ամբողջ շղթա է, որը Գալյանը փորձում է հերքել ընդամենը մեկ հայտարարությամբ։
Ի դեպ, նախարարին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է։
Հետևաբար, Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է դառնան անկախ և բազմակողմանի քննության առարկա։ Իշխանությունը պարտավոր է սպառիչ պատասխաններ տալ՝ արդյո՞ք պետությունը կատարել է նրա կյանքի և առողջության պաշտպանության իր պարտավորությունները։
Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է հնչում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ Նիկոլ Փաշինյանին ներառել «Մագնիցկու ցուցակում»։
Աշոտյանը հիշեցնում է Սերգեյ Մագնիցկու մահը նախնական կալանքի ընթացքում, որից հետո ձևավորվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար անհատական պատժամիջոցների միջազգային մեխանիզմներ։
Նրա առաջարկությունը, ըստ էության, Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային պատասխանատվության մեխանիզմներ կիրառելու հարց է բարձրացնում։
Արսեն Գևորգյանի մահը ողբերգություն է, որը շատ ավելի լայն հարց է առաջադրում՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանքի չարաշահման և պետության պատասխանատվության մասին։
Իսկ Սրբուհի Գալյանի ակնհայտորեն անհամոզիչ հայտարարությունները միայն խորացնում են կասկածները, որ իշխանությունն ավելի շատ մտահոգված է սեփական քաղաքական պատասխանատվությունը քողարկելով, քան Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին, ասել էր. «Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»:










