Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի
Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Երբ ես ստացա մեր բանակցային խմբի երկրորդ զեկույցը Աբու Դաբիում կայացած հանդիպումներից հետո, նրանք պատմեցին, որ ռուսները կարծում են և պնդում, թե իբր արդեն օկուպացրել են Դոնբասի կեսը, որն իրականում մեր վերահսկողության տակ է։ Մեր թիմն ասաց նրանց. «Մենք չենք հասկանում, թե դուք ընդհանրապես ինչպես կարող եք նման բաներ ասել։ Մենք ունենք տեսանյութեր, լուսանկարներ և այլ ապացույցներ առ այն, որ այդ տարածքները մեր վերահսկողության տակ են»։
Ահա թե որն է խնդիրը։ Պուտինն ապրում է այլ իրականությունում։ Անշուշտ, նա ամերիկացիներին պատմելու է, թե իրեն մեկ-երկու ամիս է պետք Ուկրաինայի արևելքն ամբողջությամբ օկուպացնելու համար։ Ես նույնպես կարող եմ նրա համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը։ Բայց չէ՞ որ դա ճշմարտություն չէ»,- ասել է Զելենսկին:














