Ժողովրդի նյարդային լինելը հասկանում եմ, բայց ինձ գրում են՝ տարոսը քո երեխային. Գալյանը հուզվել է
Շատ նուրբ և շատ էմոցիոնալ հարց է: Ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորում եմ նաև ես, ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան դեպքին:
«Շատ ծանր հարց է, նաև ինձ համար: Ես կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը, իհարկե, միշտ սահմաններ կան, որը խորհուրդ չի տրվում անցնել: Ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, օրինակ, երբ գրում են տարոսը քո երեխային…»-նշել է Գալյանը՝ ավարտելով ճեպազրույցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը)՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:












