Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին․ Լևոն Ազիզյան

22:53 • 12.11.26

Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին, այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականին Անտարկտիդայի օզոնային խոռոչը դարձել է արբանյակային դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենախոշորներից մեկը՝ NASA-ի և NOAA-ի չափումների 48-ամյա շարքում զբաղեցնելով յոթերորդ տեղը։

Սեզոնային առավելագույնի ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 13-ը, վերջինիս միջին մակերեսը կազմել է շուրջ 25 մլն կմ²։ Առավելագույն մակերեսը գրանցվել է սեպտեմբերի 18-ին՝ 27,1 մլն կմ²։

Հիմնական պատճառներից մեկը եղել է անտարկտիկական անսովոր խոր և կայուն բևեռային մրրիկը։ Մոլորակային մթնոլորտային ալիքները, որոնք սովորաբար թուլացնում են այն, օգոստոսին և սեպտեմբերին չափազանց թույլ են եղել։ Արդյունքում սառը օդն ավելի երկար է պահպանվել Անտարկտիդայի վերևում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով օզոնի քիմիական քայքայման համար։

Խոր և ցուրտ բևեռային մրրիկը նպաստում է բևեռային ստրատոսֆերային՝ սադափափայլ ամպերի ձևավորմանը։ Այդ ամպերի մասնիկների մակերևույթին տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ՝ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված քլորի և բրոմի միացությունների մասնակցությամբ։ Երբ գարնանը վերադառնում է արևի լույսը, այդ տարրերի ակտիվ ձևերը սկսում են ինտենսիվորեն քայքայել օզոնը»,-գրել է նա։