Բոլոր լուծումները մասնակի են, եթե կարծում են խցանումների պատճառը 203 երթուղին է, պետք է թվային հաշվարկներով բացատրություն տան. էջմիածինցիները բողոքի ակցիա են անում

15:14 • 12.11.26

Բոլոր լուծումները մասնակի են, եթե կարծում են խցանումների պատճառը 203 երթուղին է, պետք է թվային հաշվարկներով բացատրություն տան: Այս մասին այսօր Մատենադարանի հարակից տարածքում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Էջմիածնի բնակիչ Ժաննան:

«Երբ օրեր առաջ որոշում ընդունվեց, որ 203 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները չեն հասնելու Մատենադարանի հարակից տարածք, մենք միանգամից արձագանքեցինք, բողոքի ձայն բարձրացրինք: Այսօր արդեն քաղաքապետարանից հայտնեցին, թե մեքենաները կհասնեն Մատենադարան, բայց կայանում չեն կատարի, սրա հետ կապված ուզում ենք նշել, որ կարելի է ասել՝ ոչ մի լուծում չեն տվել այս հարցին, բոլոր լուծումները մասնակի են: Եթե Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ խցանումների պատճառը 203 համարը սպասարկող երթուղայիներն են, ապա պետք է թվային հաշվարկներով բացատրություն տա դրա հետ կապված»,- նշում է նա:

Էջմիածնեցի ուսանողները շեշտում են, որ եթե սա պայքար է խցանումների դեմ, ապա իրականում հակառակ արդյունքն է տալիս, քանի որ դրա պատճառով մարդիկ արդեն ստիպված տաքսի մեքենաներով են գալիս Երևան, որտեղ ավելի քիչ մարդ է տեղավորվում, հետևաբար ավելի շատ մեքենա է մուտք գործում Երևան:

Խոսելով հետագա քայլերի մասին, Ժաննան նշեց. «Պատրաստ եմ մեքենան կանգնեցնել փողոցի մեջտեղում, էլ ավելի պարալիզացնել Երևանի երթևեկությունը, մարդկանց կյանքերն էլ ավելի փչացնել, մինչ Տիգրան Ավինյանը հասկանա, որ գրագետ կառավարել է պետք: Կան պարզ մաթեմատիկական հաշվարկներ, որոնք ուղղակի չեն արվում»: