Չինաստանը, ՌԴ-ն և ԱՄՆ-ը կիսում են գլոբալ մարտահրավերներին արձագանքելու պատասխանատվությունը. ՉԺՀ ԱԳՆ
ՉԺՀ-ն, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կիսում են գլոբալ մարտահրավերներին արձագանքելու, մոլորակի վրա խաղաղությունն ու կայունությունը պահպանելու ընդհանուր պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայիս պայմաններում այս երեք երկրների ուսերին է ընկնում գլոբալ մարտահրավերներին համատեղ հակազդելու և խաղաղությանն ու կայունությանը նպաստելու կարևոր պատասխանատվությունը», - ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դիվանագետը այս շաբաթ Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Մաո Նինը հիշեցրել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հիմնադիր երկրներ են և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։ Երեք պետությունները «ուս ուսի տված հաղթանակ են տարել համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում», հավելել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 19-ին ԱՏՀԽ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Նոյեմբերի 16-ին Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Պուտինի և Թրամփի հետ։ Ավելի ուշ համապատասխան ծրագրերը հաստատել է Սպիտակ տունը։














