Երևանում խցանումների պատճառ հանդիսացող խախտումների համար տուգանքներն ու տուգանային միավորները կխստացվեն

18:54 • 17.11.26

Իրականացված մշտադիտարկումների ու ուսումնասիրությունների համաձայն՝ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ էականորեն ազդում են հատկապես Երևանում առաջացող խցանումների վրա, իսկ դրանց տուգանքները կամ բալային կշիռներն անհամաչափ են այդ արարքների նկատմամբ։ Տրանսպորտային միջոցների տարեցտարի ավելացման պայմաններում այդպիսի խախտումներն ունեն հստակ աճի միտում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ԱԺ նիստում։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ու կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկով նախատեսվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» իրավախախտման համար գործող 5,000 դրամ արժողությամբ տուգանքը դարձնել 20,000 դրամ։ Արտոնություններով այն կկազմի 11,200 դրամ։ Կնախատեսվի նաև երկու տուգանային միավոր։

«Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի խախտման դեպքում նախատեսվում է 20,000 դրամի չափով տուգանք և 1 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար 20,000 դրամի և 1 տուգանային միավորի չափով տուգանք է սահմանվում։ Խստացումներ են նախատեսվում նաև տրանսպորտային միջոցը տարհանելու դեպքում: Այս պարագայում կկիրառվի 29,000 դրամի տուգանք և կհանվի 1 տուգանային միավոր:

Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար ևս խստացումներ են սահմանվում։ 5,000 դրամի փոխարեն կսահմանվի 20,000 դրամի չափով տուգանք, ինչպես նաև 1 տուգանային միավոր:

Տեղում թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն կստեղծվի։ Գործող կարգավորումներով միայն լաբորատոր պայմաններում արյան ու մեզի ստուգմամբ է հնարավոր դա իրականացնել։