Ես կարգալույծի օրհնության կարիք չունեմ, ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ. Դավիթ Համբարձումյանը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Արման Սարոյանի մասին
Ես կարգալույծ հոգևորականի օրհնության կարիքը չունեմ։ Այս մասին քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մասիս համայնքապետի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե եկեղեցում Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Գևորգ Սրբազանը՝ Արման Սարոյանը փորձի իրեն մոտենալ կամ օրհնություն տալ։
Ես այս հարցին տևական ժամանակ չէի պատասխանում, չէի պատասխանում մի բանի համար՝ որ չցավեցնեի իր տարեց մորը։ Ես հարգում եմ իր ընտանիքին, այլ հարց են մեր հարաբերությունները։ Մենք մեկ տարուց մի փոքր ավելի որևէ շփում չունենք,- ասաց Մասիս Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արման Սարոյանը փորձել է իր հետ խոսել կամ քննարկել կատարված իրադարձությունները։
Լրագրողների այն դիտարկմանը, թե քանի որ նախկինում Արման Սարոյանի հետ ունեցել է ջերմ հարաբերություններ, արդյոք բարձր էր գնահատում նրա մարդկային որակները, թե եկեղեցական դիրքն է հարգել, Համբարձումյանը նշեց․ «Ես իրեն էլ եմ հարգել, իր եկեղեցական դիրքն էլ եմ հարգել, իրեն որպես մարդ ընդունել եմ, եկեք այսքանով սահմանափակվենք»։
Եկեք մեր արածների գնահատականը թողնենք Աստծուն, թող նա դա գնահատի։ Երբ ժամանակը կգա՝ Աստված կգնահատի տվյալ հոգևորականի կամ աշխարհիկ մարդու, քաղաքական գործչի քայլերի գնահատականը,- ընդգծեց Համբարձումյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինքը կալանքի տակ էր գտնվում, երբ Արման Սարոյանը սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ քայլերը։











