Հայաստանի համար ամենակարևորն այնպիսի ռшզմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է, որի շնորհիվ Բաքվի բարբարnսական վարչախմբի համար ուժի կիրառումը դառնա խիստ ռիսկային արկածախնդրություն․ Ոսկանյան
Մեզանում, չգիտես ինչու, ի հառաջագույնե (ապրիորի) հավատում են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը համադարման է լինելու, և դրանից հետո գալու է «հավիտենական» խաղաղությունը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ոչ մի փորձով չապացուցված և չփաստարկված այս «պնդումը»՝ որպես վստահաբար տեղի ունենալիք զարգացում ներկայացնելը, մեղմ ասած, անլուրջ է, եթե չասենք՝ մանկամիտ։ Ուստի պետք է, ի վերջո, դուրս գալ անտրամաբանական այս խոսույթի շրջանակից և այլ տեսանկյուններից դիտարկել Հայաստանի անվտանգության ապահովման հեռանկարները։
Ըստ իս, Հայաստանի համար ամենակարևորն այնպիսի անզուգաչափ (ասիմետրիկ) զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է, որի շնորհիվ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար մեր դեմ ռազմական ագրեսիայի հնարավոր գինը այնքան բարձրանա, որ ուժի կիրառումը ոչ միայն այլևս չդիտարկվի գրավիչ քաղաքական գործիք, այլ նաև դառնա խիստ ռիսկային արկածախնդրություն։
Այդ համատեքստում մենք նաև պետք է գտնենք, պատկերավոր ասած, մեր Հորմուզի նեղուցը, իսկ դա հենց մեր քթի տակ է՝ դիցուք, Բաքու-Ջեյհան նավթամուղի և դրա կենսագործունեությունն ապահովող ողջ ենթակառուցվածքների տեսքով՝ այն էլ էներգակիրների համաշխարհային շուկայում այժմ նկատվող ճգնաժամային պայմաններում»,-նշել է նա։














