«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբ
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին և օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի:
Ինչպես նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, օրինագծերով, ըստ էության, առաջարկվում է հունվարի 1-ից ավարտել 2012 թվականից մեկնարկած «սոցիալական փաթեթ» ծրագիրը։ Ըստ նախարարի՝ նախկինում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներին տրվող փոխհատուցման պատճառն այն էր, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր էին։
Այն պետք է ծառայեր որպես ֆինանսական խթան պետական համակարգում որակյալ կադրեր ներգրավելու համար։ Սակայն, ըստ Արսեն Թորոսյանի, հանրային կառավարման ոլորտում գործող իշխանությունների իրականացրած փոփոխությունների արդյունքում ծրագիրը կորցրել է իր սկզբնական իմաստը։ «Մեր քաղաքացիներից շատերն իրենց հատուկ բանկային հաշիվներում ունեն սոցիալական փաթեթի համար փոխանցված բավականին մեծ կուտակված գումար՝ մոտավորապես 13 մլրդ դրամի չափով, որը նրանք հնարավորություն ունեին ծախսելու կոնկրետ ուղղություններով։ Մենք նախագծով առաջարկում ենք, որ այդ կոնկրետ ուղղությունները դեռ ուժի մեջ մնան ևս 6 ամիս, և դրանից հետո արդեն որևէ ուղղություն չլինի, և նրանք կարողանան տնօրինել հասանելիք գումարներն իրենց ցանկությամբ, հայեցողությամբ»,- ասել է նախարարը։
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ սոցիալական փաթեթը շատ կարևոր էր պետական համակարգի առավել խոցելի հատվածի համար։ Նա ընդգծել է, որ օրինագիծը կապ ունի երեկ ԱԺ-ում քննարկվող այլ՝ մինչև 200 հազար դրամ ստացող անձանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագծի հետ. «Երկու որոշումները, երկու օրենքներն իրար հետ որոշակի բովանդակային կապ ունեն։
Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ ստացող անձանց ներառում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ։ Սոցիալական փաթեթի ծախսը նաև առողջության հետ կապված որոշակի երաշխիքի համակարգ ստեղծելու նպատակ ուներ։ Հունվարի 1-ից այդ խնդիրը լուծվում է։ Հիմա հանրային կառավարման բարեփոխումների մեջ ենք։ Նաև կատարողականի հիման վրա աշխատանքի գնահատման և վարձատրության համակարգը փուլ առ փուլ գործարկում ենք, և, օբյեկտիվորեն, սոցիալական փաթեթի անհրաժեշտություն չկա»։










