Ամերիկայի հայկական թանգարանը չի տալիս Ջեք Գևորգյանի կտավները

19:09 • 20.10.11

Մասաչուսեթսում գործող Ամերիկայի հայկական գրադարանը և թանգարանը հրաժարվում է աճուրդի համար տրամադրել որպես «Դոկտոր մահ» հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանի հեղինակած 17 կտավները։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայկական թանգարանը հայց է ներկայացրել Գևորգյանի փաստաբանի դեմ` պնդելով, որ բժիշկը և նրա քույրը ժամանակին հրապարակավ հայտարարել են կտավները թանգարանին նվիրաբերելու մասին։

Փաստաբան Մեյեր Մորգանրոթը, սակայն, երեկ «անհեթեթ» է որակել այդ պնդումները` իր հերթին պնդելով, որ ո՛չ ինքը և ո՛չ էլ Գեւորգյանը նվիրատվության մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Մորգանրոթը հայտնել է, որ հայցը Միդլսեքս շրջանի դատարանից դաշնային դատարան տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` թանգարանը հայտնել է, որ պահելու է Գևորգյանի կտավները մինչև հարցի լուծումը։

Ջեք Գևորգյանը մահացել է այս տարվա հունիսին։ Նրա կտավները և անձնական իրերը աճուրդի են հանվելու հոկտեմբերի վերջին Նյու Յորքում։

Գևորգյանի կտավների մեծ մասը վերաբերում են մահվանը։ Դրանցից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն» և պատկերում է արյունոտ գլուխ, որը մազերից բռնած պահում են երկու զինվորներ` համապատասխանաբար, Առաջին աշխարհամարտի տարիների թուրքական զինվորական համազգեստով և Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական զինվորական համազգեստով։