Հայկական արմատներով թուրք երգիչն իրեն նմանեցնում է Կոմիտասին
Թուրքիայում հայտնի ռոք երաժիշտ Յաշար Քուրթը թուրքական Hurriyet Daily News պարբերականի հետ զրույցում պատմել է իր ծրագրերի, ինչպես նաև հայկական արմատների մասին:
Քուրթը նշել է, որ ինքը 13 տարեկանից սկսած ծնողներին հարցրել է իր ինքնության մասին, սակայն պատասխան չի ստացել, իր իրական արմատների մասին երաժիշտն իմացել է միայն վերջերս՝ 40 տարեկան հասակում, և որոշել է կնքվել. «Ես աննկարագրելի ցավ տեսած այս հողում 40 տարի ապրել եմ՝ չիմանալով իմ իրական ինքությունը։ Սակայն ես խաղաղություն և երկխոսություն եմ ուզում։ Ւմ պատկերացրած խաղաղությունն այն է, երբ որևէ մեկը մյուսի հանդեպ առավելություն չունի»,– ասել է նա։
«Ես փորձում եմ բացահայտել ինձ, յուրաքանչյուր ոք պետք է ազատ լինի իր այդ որոշման մեջ և ապրի այնպես, ինչպես ցանկանում է»,– հավելել է նա։
Այժմ Քուրթի գլխավոր ցանկությունը հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Կոմիտասի կյանքի մասին բեմադրություն էկրանավորելն է:
«Մեր ֆիզիկական նմանությունից բացի, Կոմիտասը նշանակալից դեմք է մարդկության և հայ–թուրքական հարաբերությունների համար»,– ասել է նա և հավելել, որ իր և Կոմիտասի արտաքին նմանությունը պարզապես ապշեցնում է մարդկանց։
Քուրթը 1990–ականներին թողարկած իր «Վախ» երգի պատճառով ազատազրկման է դատապարտվել, նրա այդ երգը դիտարկվել էր որպես քաղաքական արշավ ընդդեմ զինվորական ծառայության:
Երաժիշտը խուսափել է զինվորական ծառայությունից և միայն 2000–ականներին 28 օր է ծառայել օրենքով սահմանված կարգով, որը նրան վճարովի ծառայության դիմաց ազատել է հիմնական ծառայությունից:
«Միլիտարիզմը (ռազմամոլությունը) աշխարհի խնդիրների հիմնական պատճառն է։ Ես չեմ կարող զենք վերցնել ձեռքս։ Զենք վերցնելը երկրին ծառայելու միակ միջոցը չէ»,– ասում է նա։










