Երևանում համերգ կտա աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը
«Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին Հայաստանում լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով։
Ծրագրում ընդգրկված են Ջուզեպպե Վերդիի, Մաքս Բրուխի, Չայկովսկու ստեղծագործությունները: Սա երաժշտի երկրորդ այցն է Հայաստան: «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի միակ մտահոգությունն այն է, որ մեկ համերգի ընթացքում 1300 տեղանոց դահլիճը փոքր է. «Ընդհանրապես, ցանկացած երկրում, ցանկացած փառատոնում, ցանկացած դահլիճում Ցուկերմանի այցը պատմական է: Նա այսօր աշխարհի ամենահայտնիներից է, և ես կուզեի, որ նա ևս դառնա մեր բարեկամներից մեկը»,- նշեց Ստեփան Ռոստոմյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքերով էլ, վերջին շրջանում սովորական է դարձել Հայաստանում տեսնել նման մեծ երաժիշտներին:
Ստեղծագործական 45 տարիների ընթացքում Պինկաս Ցուկերմանն արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին: Տարեկան շուրջ 150 համերգներով հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ցուկերմանը դասվում է դարի ամենահայտնի ջութակահարների շարքին:










