Մշակույթի աջակցման նորաստեղծ խորհուրդը կնպաստի մշակութային խնդիրների լուծմանը

14:44 • 22.10.11

Հայ հեղինակավոր մշակութային գործիչների առաջարկով ձևավորվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի մշակույթի աջակցման խորհուրդ, որի նպատակն է նպաստել մշակութային կյանքում առկա հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին այսօր հայտնեց նորաստեղծ խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։

«Ամիսներ առաջ հրավիրված էի մտավորականների հանդիպման, քննարկեցինք շատ հարցեր, լսեցի մեր կոլեգաների հարցադրումները, և պարզ դարձավ, որ պիտի ստեղծվի մի մարմին, որը բացառի բարերար–մշակույթի գործիչ ֆինանսավորումը, և ստեղծել մի կառույց, որը միջնորդ կհանդիսանա և կյանքի կկոչի անհատ մտավորականի հանդեպ մշակութային հոգածությունը»,– պատմեց Ռոբերտ Ամիրխանյանը։

Խորհուրդը կոչված է նաև աջակցելու ՀՀ և ԼՂՀ տարածքում մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նպաստելու մարզերի և մայրաքաղաքի մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին և այլ մշակութային ծրագրեր իրականացնելու։

«Մենք հիմա խոսում ենք մի մանուկի մասին, որն ուզում է ծնվել ու ապրել առողջ կյանքով, մեզ ահանգստացնում են մեր քաղաքացիների երեկոյան ժամանցների հարցը, մի ամբողջ ժողովուրդ նստած է բռնության, սպառնալիքների, անբովանդակ և աղտոտ ժամանցի մեջ, չկա այն հոգևոր լավը, ահա ինչու մենք որոշեցինք կյանքի կոչել հոգևորը, լավն ու արժեքավորը։ Այս հանձնախմբում մենք գնահատական տվող չենք, մենք մտորողն ենք, թե ինչ շանս կարող ենք տալ արվեստագետին»,– ասաց Ռոբերտ Ամիրխանյանը։

Խորհրդի քարտուղար Էրիկ Բարսեղյանի ներկայացմամբ՝ Խորհուրդը բաղկացած է 11 անձից, որոնց թվում են այնպիսի հեղինակավոր մտավորականներ, ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը , Արա Խզմալյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Ժիրայր Ալթունյանը և այլք։ Ըստ Բարսեղյանի՝ ձևավորված կանոնակարգով մեծ տեղ է հատկացվում նաև երիտասարդ ստեղծագործողներին, քանի որ երիտասարդությունը գիտի՝ ինչ անել, տարեցն էլ գիտի՝ ինչպես անել. այդ միասնությունը կտա ճիշտ արդյունքը։

«Բոլոր հայտերը, բնականաբար, չեն կարող բավարարվել, բայց կարևոր նշանակություն ունեցող հայտերը անպայման կյանքի կկոչվեն»,– ասաց Էրիկ Բարսեղյանը՝ հավելելով, որ դեռ հայտեր չեն ստացվել։

Այն հարցին, թե խորհրդի ստեղծումն արդյո՞ք չի նշանակում, որ Մշակույթի նախարարությունը ինչ–որ տեղ թերանում է, Ռոբերտ Ամիրխանյանն ասաց. «Այո, ինչ–որ տեղ դա է նշանակում, մշակույթի կարևոր տարրը արվեստի տարրերի հետ առնչվելն է, այդ առումով մտահոգություններ կան։ Մշակույթի նախարարության բյուջեն քիչ չէ, այնուամենայնիվ լրջագույն ծրագրեր մնում են ուշադրությունից դուրս»։

«Մենք անպայման պիտի ունենանք փորձագետներ, որոնք կկայացնեն անաչառ և օբյեկտիվ որոշում, թե որ ստեղծագործողի որ հայտը պետք է բավարարվի»,– ասաց Ամիրխանյանը՝ հավելելով, որ հիմնադրամը խորհրդին  նախնական տրամադրել է 100 միլիոն դրամ, որը պետք է ոչ թե «անհեռատեսորեն փոշիացնել», այլ այնպես անել, որ այդ գումարը գնալով աճի, բավարարի ավելի շատ հայտեր ու ծառայի մշակութային ավելի շատ արժեքների։