Աղջկաս հարսանիքին կես ժամ եմ մնացել, տղայիս հարսանիքին՝ 10 րոպե. Հախվերդյան

14:41 • 24.10.11

«Շոու բիզնեսը հիմա անկում է ապրում ամբողջ աշխարհում, և հնարավոր է, որ հենց այդ բիզնես բառն է խանգարում»,- ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը: Ըստ նրա՝ երաժշտությունը դարձել է «մեքենայի մեջ ցքցքալու համար»։ Երգահանը նաև նշեց, որ ժամանակակից հայ երգարվեստին չի հետևում:

«Միայն մշակույթը չի վատ վիճակում, շուտով ջուրը կդառնա ավելի մեծ կռվի առարկա, քան նավթը: Զանգուն կեղտոտվում է, մարդիկ գալիս են, կեղտոտում են, հետո գալիս նույն տեղում խորոված են ուտում, նորից են կեղտոտում ու գնում»,- ասաց Հախվերդյանը։

Ռուբեն Հախվերդյանը տանել չի կարողանում մեր մշակութային խոհանոցը: «Կյանքիս ընթացքում հինգ հարսանիքի եմ գնացել, ամենաշատը մնացել եմ աղջկաս հարսանիքին՝ կես ժամ, տղայիս հարսանիքին՝ 10 րոպե միայն, հետո գնացել և քնել եմ տնօրենի կաբինետում: Տղայիս հարսանիքը վրաս նստել է հազար դոլար, հինգ հազար էլ՝ աղջկանս, բայց էդ փողը հետ բերելու համար քանի համերգ տվեցի: Այնպես որ, ոչ մեր հարսանիքն է հարսանիք, ոչ մեր թաղումը՝ թաղում: Մրցույթ են կազմակերպում, թե ով ավելի ճոխ հարսանիք կամ թաղում կկազմակերպի»,- տարակուսեց Հախվերդյանը: