Ազնավուրը ճիշտ էլ ասել է. Հախվերդյան

14:48 • 24.10.11

Երգահան Ռուբեն Հախվերդյանն այսօրվա ասուլիսն սկսեց իրեն հատուկ հեգնանքով՝ ի սկզբանե հայտարարելով, որ գրիպով հիվանդ է եղել և հեռուսատացույց բոլորովին չի դիտել, այնպես որ անտեղյակ է շատ իրադարձությունների մասին:

Հայտնի երգիչն առաջին անգամ էր լսում, որ Հայաստանում շատացել են փառատոներըմ և խոստովանեց, որ դրանց ոչ միայն չի մասնակցել, այլև տեղյակ էլ չէ, որ դրանք անց են կացվել: Հախվերդյանն առաջին անգամ էր լսում նաև Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցի մասին, իսկ երբ լրագրողները նրան պատմեցին, որ շանսոնյեն առաջարկել է փոխարինել ցեղասպանություն տերմինը մեկ այլ բառով, եթե դրա անհրաժեշտությունը կա, նա արձագանքեց, որ ինքը այդ մասին ասում է տարիներ շարունակ, սակայն դա ոչինչ չի կարող փոխել:

«Մեծ շանսոնյեն ասի, թե փոքրը` նույնն է: Ճշմարտությունը մնում է ճշմարտություն: Հնարավոր է, որ նա ուրիշ բան է ուզել ասել, նրան սխալ են հասկացել: Հաճախ մի բառ այս կողմ, այն կողմը ամբողջ իմաստն է փոխում: Բայց եթե իրոք այդպես է ասել, ճիշտ էլ ասել է. մեկ միլիոն ու կես այն ժամանակ են զոհվել, միլիոնից ավելի էլ հիմա են արտագաղթում, ինչի՞ այսօրվա մասին չեն խոսում»,- ասաց Հախվերդյանը։